ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարեց քննարկել 2010 թվականին սահմանված «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:
Վարչապետի հանձնարարականը, մասնավորապես, վերաբերում է ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմի բարձրացմանն ու պարտադիր կանխավճարների չափի նվազեցմանը: Կարապետյանը նշեց` ըստ անհրաժեշտության համապատասխան հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ:
Հիշեցնենք, անցած մայիսին կառավարությանը ներկայացվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, որի շրջանակում պետք է իրականացվեր երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը: Դրույթներից մեկն էր`բնակարան նաև առանց կանխավճարի, ինչն անմիջապես հարուցեց բանկային համակարգի դժգոհությունը, սակայն կառավարությունը, կարծես, հակված էր այդ ծրագիրը կյանքի կոչել: Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարականից պարզ է դառնում, որ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու տարբերակն այլևս իրատեսական չէ… գոնե առաջիկայում:
Նշենք, ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է նվազագույնը 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 10.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 8,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 6.5):
Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը, կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ): Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար: