«Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն իրականացրին Արմավիրի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։ Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Այս համատեքստում քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։