4.06.2025
Կհստակեցվի խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալման տեսակները
04.05.2021
Կհստակեցվի խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալման տեսակները

Խորհրդարանը մայիսի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Նախաձեռնությամբ ձերբակալման հասկացությունից հանվում է ձերբակալման նպատակը: Փոփոխություններով հստակեցվում են ազատության մեջ գտնվող եւ խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալման տեսակները, դրանց համար նախատեսվում են ավելի կարճ ժամկետներ: «Նախաձեռնության ընդունումից հետո օրենսգրքի 130-րդ եւ 131-րդ հոդվածներով իրականացվող ձերբակալումը չի կարող տեւել 36 ժամից ավելի: Գործող կարգով այն 72 ժամ է», -տեղեկացրեց Նիկոլայ Բաղդասարյանը: Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը: Նրա խոսքով` փոփոխություններից հետո կորոշակիացվի նաեւ ձերբակալման արձանագրությունների կազմումը: Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարության առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվել է: