Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նորընտիր նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին: Ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ կշարունակեք Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը ծառայեցնել ինչպես Ձեր՝ բարեկամ երկրի հետագա առաջընթացին, այնպես էլ միջտարածաշրջանային փոխշահավետ համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը: Բարձր ենք գնահատում փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-էմիրաթյան հարաբերությունները և պատրաստ ենք գործադրել համատեղ ջանքեր դրանց շարունակական խորացման և ընդլայնման ուղղությամբ՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման ճանապարհին: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։