Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակը Վահան Հունանյանը։ Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Շատ արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ուրախ եմ Վաշինգտոն վերադառնալու և ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերությունը վերահաստատելու համար։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ը արդյունավետ համագործակցություն են ունեցել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքները հարգելու և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- գրել է Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ մասնակցելու է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Վաշինգտոնում Արարատ Միրզոյանն արդեն հանդիպել է USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։