Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդիսանում է Դատախազության կայուն գործընկերը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման առումով: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է հատկապես կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը, որոնց շրջանակում Դատախազության ներկայացուցիչները հնարավորություն են ունենում օտարերկրյա ուսումնական հաստատություններում անցնել վերապատրաստումներ: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: