ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Զրույցի սկզբում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով: Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել դեպքի առնչությամբ եւ ընդգծել, որ Ֆինլանդիան միջազգային գործընկերների հետ կշարունակի հետեւել Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացին` փորձելով նպաստել խաղաղության հաստատմանը: Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին` դեսպան Կիրստի Նարինենը բարձր է գնահատել Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացները: Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: