Դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ «ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,–գրել է նա։ Իր հերթին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ դիվերսիայի փորձի հետ կապված Հայաստանի ԱԳ նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Նշենք, որ դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան /Ակնա/ ուղղությամբ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: