Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: Այս մասին «Արմենպրես»-ին հատնել են Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Հրաչյա Հարությունյանը բողոքներ առանձնապես չունի, ներկայումս նա իրեն նորմալ է զգում: Մոտ օրերս բժիշկները նաև պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն»,- նշել են ՔԿՎ-ի հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը:
Տեղափոխվելուց հետո Հարությունյանը Հայաստանում անազատության մեջ կմնա ևս 2 տարի 9 ամիս:
ՌԴ-ում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատարանի վճիռը կայացվել է, այն արդեն ուժի մեջ է մտել, իսկ համաձայն լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքով ներքին տեղափոխումն իրականացվել է: