3.07.2025
Մինասյան. Իմ և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածություն չկա
23.09.2016
Մինասյան. Իմ և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածություն չկա

Իմ և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածություն չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, վերջին շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ վարչապետի և Մինասյանի միջև առկա է լարվածություն, որի արդյունքում Մինասյանը, ասում էին, նույնիսկ պատրաստվում էր հրաժարական տալ: «Չկա լարվածություն, կա բնականոն աշխատանքային գործընթաց: Եվ ես վստահ եմ, որ ՀՅԴ-ՀՀԿ ղեկավար մարմինները ունեն կամք՝ համաձայնագիրը հստակ կյանքի կոչելու համար: Թվացյալ լարվածությունը առանձին հատվածների ցանկությունն է»,- շեշտեց նա: Մինասյանի խոսքով, իր հրաժարական տալու խնդիր չկա: Այս պահին, նշեց նա, ինքը նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է և շարունակելու է այնքան ժամանակ, քանի չի եղել նոր հրամանագիր: Միևնույն ժամանակ նա նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր փոխարեն կառավարությունում այլ անձի է տեսնում: «Այո, պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ամեն գնով պահպանելու դիրքերը ցանկություն չկա, որովհետև մեր նպատակը ոչ թե ամեն գնով այդ դիրքում մնալն է, այլ նպաստելն է, որ խնդիրները լուծվեն»,- նշեց նա՝ չպատասխանելով հարցին, թե թե արդյո՞ք վարչապետը բացատրել է, թե ինչու իրեն չի ուզում տեսնել նոր կառավարությունում: Նա նաև նշեց, որ իրեն եղել է առաջարկ՝ այլ ուղղությունների վերաբերյալ: Եվ որպես ՀՅԴ թեկնածու այդ առաջարկությունը քննարկման առարկա է ակնկալում դարձնել ՀՅԴ-ում, որից հետո մոտեցումը կներկայացնի: Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հիմնական խնդիրներին, ապա դրանք 30 ուղղություններով են: «Այդ խնդիրները ծավալուն են, խորքային և պահանջում են համարժեք լիազորություններ: Պարզ է, որ նախարարությունը համապատասխան լիազորութուններով ամբողջությամբ օժտված չէ և ֆինանսավորումն էլ, ինչպես հաճախ է պատահում, բավարար չէ այդ ամբողջ 30 ուղղություններով խնդիրներն արդյունավետ լուծելու համար», -ասաց Մինասյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, երկրում պետք է լինի գերատեսչություն, որը կկարողանա համակարգել բոլոր կառույցների հետ աշխատանքները: Առաջիկայում, օրինակ, հանդես են գալու խոշոր նախագծով՝ օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի նախագծով, որտեղ հիմնարար մի քանի սկզբունքներ են ամրագրված լինելու: