Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում ահազանգում է, որ վարչապետի հորդորով դատարանները արգելափակած քաղաքացիները կոտրել են դատարաններից մեկի պատուհանների ապակիները: «Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված։ Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»,- գրել է Մելիքյանը։ Նշենք, որ առավոտվանից մի շարք դատարանների մուտքերի մոտ հավաքված են ցուցարարներ: Արգելափակված է նաև Սահմանադրական դատարանի մուտքը: Ի պատասխան այս ահազանգի ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի պատուհանի ապակին կոտրված է ներսից: Դրսից որեւէ վնասվածք չկա, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: