24.09.2025
Գիտության ֆինանսավորումը 1.3 մլրդ դրամով կավելանա. Տիգրան Ավինյան
30.11.2019
Գիտության ֆինանսավորումը 1.3 մլրդ դրամով կավելանա. Տիգրան Ավինյան

2020 թվականի բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1.3 մլրդ դրամով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին: «Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները»,-գրել է փոխվարչապետը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նշվում է, որ գիտության ոլորտին հատկացումները պետք է լինեն «նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս»: Այսպիսով՝ 2020-ին գիտության ֆինանսավորման համար նախատեսված 12,7մլրդ դրամին կավելանա ևս 1.3 մլրդ: