17.02.2026
Խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից. կառավարության կոչը ՀՀ քաղաքացիներին
10.03.2020
Խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից. կառավարության կոչը ՀՀ քաղաքացիներին

Կառավարությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի տարածման մասշտաների ահանգնացմամբ: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Իտալիան մարտի 10-ից ընդլայնում է կարանտինը` փակելով բոլոր սահմանները, այդ թվում` ներքին, քաղաքից քաղաք ուղևորությունները: Ըստ այդ երկրի վարչապետի` Իտալիայում տեղաշարժվել կարելի է խիստ անհրաժեշտության դեպքում, որի թվում են նաև ընտանեկան կամ աշխատանքային և առողջական հարցերը։ Բացի այդ, մինչև ապրիլի 3-ը երկրում փակ կլինեն բոլոր ուսումնական հաստատությունները։ Ընդհանրապես Իտալիան հայտնվել է աշխարհում 1-ին տեղում կորոնավիրուսից մահացության ցուցանիշուվ՝ այդ երկրում մահանում է վարակվածներից յուրաքանչյուր 20-րդը, գրում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 8-ին կորոնավիրուսից մահացածների թիվն այդ երկրում կտրուկ աճել է՝ հասնելով 366-ի (7300 վարակվածի 4,96%-ը): Մեկ օրում 133 մարդ է մահացել, գրում է ՌԲԿ-ն: Մահացությամբ երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հայտնաբերվել է վարակման 472 դեպք, սակայն մահացել է արդեն 19 մարդ (4,03%): Չինաստանը մահացության մակարդակով 3-րդն է (3,83%), իսկ Իրանը՝ 4-րդը (2,96%): Կորոնավիրուսի ամենաշատ տարածվածության երկրներից մահացության ամենացածր ցուցանիշը Հարավային Կորեայում է՝ այնտեղ մահանում է վարակվածների 0,68%-ը: Ընդ որում, Հարավային Կորեան վարակվածների քանակով առաջին տեղում է աշխարհում՝ բնակչության յուրաքանչյուր 1 մլն-ին բաժին է ընկնում 142,100 հաստատված դեպք: