ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով այսօր Ազգային Ժողովում հայտարարեց, որ Թեղուտի հանքավայրում աշխատանքները վերսկսվել են: Անդրադառնալով ԱԺ պատգամավորների կողմից հնչած որոշ թվերի, նա հայտարարեց, որ դրանք թյուրիմացության արդյունք են: «Օրինակ, խոսվում է արտահանման ծավալների անկման մասին: Պարոն Մելքումյանը խոսեց հունվարը՝ հունվարի նկատմամբ, փետրվարը՝ փետրվարի նկատմամբ: Նախ, մենք գիտենք, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին արտահանման կարևորագույն տողերից մեկը եղել է Թեղուտի հանքավայրը, որը հունվարին փակվել է: Եվ հիմա ուրախ եմ ասել, որ Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- հայտարարեց վարչապետը: