10.11.2025
Հայաստանն առաջարկում է գերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով
02.12.2020
Հայաստանն առաջարկում է գերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման գործում ունեցած առանցքային դերակատարության համար: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն: Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը: Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը: VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է ադրբեջանական գերության մեջ գտնվող մոտ 60 հայ զինվորականների և մոտ 40 քաղաքացիական անձանց մասին: Գերիների ցուցակը թարմացվում է։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին հայտարարել է հայ գերիների՝ զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների փաստերի վերաբերյալ ապացույցների եւ իրավական ձեւակերպումների ուսումնասիրության հերթական փուլի ավարտի մասին: Նրա խոսքով, կան խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ ատելության հողի վրա ռազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշների փաստացի ապացույցներ: Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմագերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին: