15.12.2025
Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արցախի նախագահ
26.04.2022
Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արցախի նախագահ

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հայրությունյանը: Արցախի նախագահի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ, որի ընթացքում նա ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ «Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում էլ ավելի է մեծացել Արցախի և Հայաստանի պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր: