«Պատիվ ունեմ»-ը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը որակում է լաչառության մրցույթ
Փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, իրենք դա ասել են արտահերթ ընտրություններից հետո մանդատները վերցնելիս և շարունակում են մնալ նույն կարծիքին։
«Մենք թույլ չենք տա, որ հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու, իրացնելու գործիքներ չունենանք: Ընդդիմությունը, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, երբեք չի դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ բողոքի ակցիաների պահերին», - ասաց Մամիջանյանը։
Լրագրողի հարցին, որ, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հակարդարձող այս ընթացքում չի եղել, բավական է նա ձայնը բարձրացնի և նրա ձայնը լսելի կդառնա, Մամիջանյանն արձագանքեց, թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ ոչ թե լաչառության մրցույթի մասնակցում:
Նաև հավելեց, որ գոնե այս փուլում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ-ում չի մասնակցելու Կառավարության հետ հարց ու պատասխանին։