ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը նրանց ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: