23.11.2024
Մարտական դիրքում համածառայակցի կրակոցից մահացու վիրավորում է ստացել շարքային Հովսեփյանը
prev Նախորդ նորություն

Պեմզաշենում սպանության դեպքի առթիվ երկու անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և նրա երկու երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների բաժինների աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը, որն օրեր առաջ ձերբակալված 32-ամյա տղամարդու ազգականն է՝ 41 տարեկան:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022 թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու և գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրը ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից:

Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: