Նոյեմբերի 2-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի գլխադասային հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Օրակարգի միակ հարցը խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր, որով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը: Նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն: Հիմնական զեկուցող ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: ԱԺ պետաիրավական հարցերի գլխադասային հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը հայտարարեց, որ հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հերթական նիստում: