Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: