Սյունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԽ դիտորդական առաքելության անդամները
Մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները:
Ըստ աղբյուրի, ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են: Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի: