Մալաթիա-Սեբաստիա թաղամասում այսօր իրավապահների կողմից իրականացված ուժեղացված հսկողությունը, հայտնում է Panorama.am-ը: Մեր թղթակցի փոխանցմամբ, ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները, ստուգում վարորդների փաստաթղթերը, բեռնախցիկները: Բացի այս՝ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ըստ Shamshyan.com-ի ԱԱԾ մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են զինված մի քանի անձանց, որոնք զինված են եղել ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և «նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում»: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են: Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, տեղեկությունը չեն հաստատում: «Հետևեք մեր լրահոսին», -ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից: