Սիրիայի կառավարական ուժերը և նրանց դաշնակիցներն այսօր Հալեպի արևելքում գրավել են Սախուր մեծ արվարձանը և մի քանի ավելի փոքր շրջաններ: Այսպիսով ապստամբների կողմից վերահսկվող հյուսիսային հատվածի մեծ մասը անցել է կառավարության վերահսկողության տակ: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական ուժերի գրաված շրջաններն ընդգրկում են 10 արվարձան և ավելի քան 3 հազար շենք: Նշվում է, որ հարյուրից ավելի ապստամբներ վայր են դրել զենքը և լքել Հալեպի արևելյան հատվածը: Ըստ Associated Press-ի՝ Հալեպում ապստամբների պարտությունը շրջադարձային կարող է դառնալ Սիրիայում արդեն հինգ տարուց ավելի շարունակվող հակամարտությունում, քանզի Արևելյան Հալեպի գրավմամբ Բաշար Ասադի կառավարությունը կվերահսկի արդեն երկրի 4 խոշորագույն քաղաքները, այդ թվում և ծովափնյա շրջանը: