23.11.2024
Նախագահի մոտ քննարկում է եղել ՏՏ ոլորտի ներուժի ու մարտահրավերների մասին
prev Նախորդ նորություն

Թանկացումներ Հայաստանում. օլիգարխիան կարող է ընդվզել իշխանության դեմ

Հայաստանում տեղի ունեցող համատարած թանկացումներն ի վերջո կարող են հանգեցնել իշխանության դեմ օլիգարխիայի ընդվզմանը: Հարկերի ավելացման ու գնաճի հետեւանքով մարդկանց գնողունակությունն անկում է ապրելու, քանի որ չեն նախատեսվում նաեւ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում: Արդյունքում խոշոր բիզնեսը, օլիգարխիան չի ստանալու ակնկալած կամ խոստացված եկամուտները, եւ կարող է ընդվզել իշխանության դեմ:


Այս մասին «Հոդված 3» ակումբում հունվարի 16-ին «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ՀՀ-ում թանկացումների դեմ պայքարում են բնակչության աղքատացման ու գնաճի խթանման միջոցով» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:


Ոչ թե 1, այլ 15 տոկոս գնաճ


Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի նոր դրույքաչափերը թանկացումների ալիք են առաջացրել, մինչդեռ սոցիալական երկիր հռչակված Հայաստանում թանկացումներին զուգահեռ ոչ միայն չեն սպասվում աշխատավարձերի ու թոշակների աճ, այլ հակառակը՝ դրանք նվազելու են՝ նույն հարկային դրույքաչափերի բարձրացման հետևանքով:


Նախկինում 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 24.4 տոկոս էր, իսկ 120 հազարից մինչև 2 միլիոնի դեպքում՝ 26 տոկոս: Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած եկամտահարկի նոր դրույքաչափերի համաձայն, նախ 120 հազարի շեմը բարձրացվեց 150 հազարի, ու մինչեւ 150 հազար աշխատավարձի համար եկամտահարկը իջեցվեց՝ կազմելով 23 տոկոս: Սակայն բարձրացվեց 150 հազարից մինչև 2 միլիոն ստացողների եկամտահարկը՝ 26 տոկոսից դարձելով 28 տոկոս: Ամսական 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում եկամտահարկը նույնն է մնացել՝ 36 տոկոս:


Այս ամենի ֆոնին Հայաստանում 2017թ. օգոստոսից էապես աճել են կարագի, խոզի և տավարի մսի գները, թանկացել է նաեւ կարտոֆիլը, ձուկը, կաթնամթերքը, բենզինը և մի շարք այլ առաջնային անհրաժեշտության ապրանքներ: Ըստ ԱՎԾ տվյաների, 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ամենամեծ գնաճ գրանցած ապրանքները եղել են կարագը` 40,7%, խոզի միսը՝ 40.3%, կարտոֆիլը` 29.3%, ձուկը՝ 28.2%, դիզվառելիքն ու բենզինը` 16%:


Ազգային վիճակագրական ծառայության կայքում մի ֆայլ է հայտնվել, որն ըստ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի, ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանական ցուցմունք: «Թանկացումների մեջ ամենխոշոր ազդեցությունը կարագի գծով է՝ և՛ գնային, և՛ տեսակարար կշռի առումով»,- բացատրեց տնտեսագետը: Խոսելով գնաճից՝ բանախոսն ասաց, որ այն պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից: «ԱՎԾ-ի նշված ֆայլում ներկայացված են 20- ական ապրանքների հիման վրա կատարված հաշվարկը: 20 գնային նվազեցում գրանցած ապրանքների տոկոսային հանրագումարը կազմում է 68 տոկոս 7,5 տոկոսի ազդեցությամբ։ Ներկայացված մեկ այլ 20 ապրանքների գնային աճը կազմում է 267 տոկոս՝ 15 տոկոս ազդեցությամբ», - հայտարարեց Մանուկյանը՝ նշելով, որ իրականում լայն սպառման ապրանքների գծով ՀՀ-ում այժմ առկա է միջինացված շուրջ 15 տոկոս գնաճ, ոչ թե 0.8 տոկոս, ինչպես հրամցնում են պաշտոնական շրջանակները:


«Ֆորմալ առումով մենք կարող ենք ունենալ 1%-անոց գնաճ, բայց երբ դրա որակական կողմից ենք դիտարկում, ապա բնակչության լայն շրջանակների համար դա երկնիշ թվով է չափվում»,- հավելեց նա Մանուկյանը:


Միեւնույն ժամանակ սրան գումարվելու է եւս մեկ ոչ պակաս կարեւոր ու եկամուտները կրճատող հանգամանք: Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որը մինչ օրս, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ասում «պարտադրված, բայց ոչ պարտադիր էր»: Այժմ արդեն բոլորի համար կլինի պարտադիր, ինչը եւս նշանակում քաղաքացիների տնօրինած եկամուտի նվազեցում:


Ըստ այդմ Հայաստանում 2018 թ. քաղաքացու կենսամակարդակը 2017-ի համեմատ անկում է ապրելու: Խնդիրն արդեն քաղաքական արձագանք է ստացել: Ընդդիմադիր «Ելք» դաշինքն ընդդեմ թանկացումների բողոքի երթ է անցկացնելու, ինչն իշխանական շրջանակները գնահատում են «քաղաքական իրավիճակը լարելու փորձ»:


Չնայած մեկ ամիս առաջ, դեկտեմբերի 14-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում էր, որ «շոշափելի գնաճ չունենք»՝ հավաստիացնելով. «… ընդհանուր գնաճը կառավարելի է, և հաշվի առնենք այն հանգամանքը, որ թեև բոլորն ասում են, որ աշխատավարձերը չեն բարձրանում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը»: Սակայն, անցյալ շաբաթ նա ստիպված եղավ արձագանքել և հրատապ խորհրդակցություն հրավիրել՝ հանձնարարելով սոցիալական ծրագրեր մշակել՝ մեղմելու թանկացումների ազդեցությունը:


Բիզնեսի դեմ ուղղված արշավ


Վահագն Խաչատրյանի հավաստմամբ՝ թանկացումներին քաղաքական ուժերը ժամանակին պետք է հստակ արձագանքեին, երբ ընդունվում էր 2018 թ. պետական բյուջեն, որտեղ նախատեսված է 100 մլրդ դրամով հարկային եկամուտների աճ: «Չէ՞ որ այդ նոր եկամուտները պետք է մի տեղից հավաքվեն», - ասաց նա ու հավելեց, որ այս տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կարելի է անվանել «թանկացումների բյուջե»:


Նրա խոսքով, հարկային եկամուտները 100 մլրդ դրամով աճելու են և հիմնականում՝ ակցիզային հարկի բարձրացման միջոցով: Այսինքն, հարկման նոր բազա չի ձեւավորվելու, ստվերը չի կրճատվելու, այլ եղած բազայից են ավելի շատ հարկեր կորզելու: «Մենք ինչո՞ւ ենք այսպես ցավագին ընդունում, որովհետև 29.4 տոկոս աղքատություն ունեցող երկրում ամենօրյա օգտագործման ապրանքների գնի ցանկացած բարձրացում չի կարող ուղղակի անտեսվել», - ասաց նա:


«Ելք» դաշինքի կարծիքով, թանկացումների դեմ պետք է պայքարել հանրային ընդվզման եղանակով, քանի որ այս պահին ՀՀԿ-ի մեծամասնության պայմաններում խորհրդարանական պայքարի մեխանիզմներն արդյունավետ չեն: «Հիմա մենք կոչ ենք անում ժողովրդին հունվարի 19-ին դուրս գալ բողոքի, ցույց տալ, որ իրենք համաձայն չեն, պատրաստ չեն ուղղակի գլուխները կախ համակերպվել այն ամենի հետ, ինչ իրենց գլխին փորձում են ջարդել»,– ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ «փաստացի Հարկային օրենսգիրքը միջին խավի, մանր և միջին բիզնեսի դեմ ուղղված ինչ–որ արշավ է»:


Նրա խոսքով, նրանք, ովքեր թանկացումների դեմ փողոցային պայքարը համարում են անարդյունավետ, սխալվում են: «Վերջին տարիներին բոլոր սոցիալական խնդիրները Հայաստանում լուծվել են հենց շարժումների, փողոցային պայքարի միջոցով՝ սկսած տրանսպորտի թանկացման դեմ պայքարից, պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարից, մինչև «Էլեկտրիկ Երևան», սրանք քաղաքացիական պայքարի ձևեր են, և հասարակության բողոքը բերեց սոցիալական խնդիրների լուծման», - ասաց նա՝ հավելելով, որ իրականում բյուջեի պակասորդները պետք է լրացնել ոչ թե հարկերի ավելացման եղանակով, այլ մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի, ստվերի կրճատման եղանակով:


«Հենց այս գործոններն են բերում թանկացումների»,-ասել է նա՝ նկատի ունենալով, որ այժմ Հայաստանի տնտեսությունը քաղաքական քվոտավորման եղանակով բաժանված ու փակված է:


Քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը թեպետ ողջունեց «Ելք»-ի՝ թանկացումների դեմ հանրության ընդվզման կոչը, անվանելով այն «շատ խիզախ քայլ», սակայն դրան միանալու մասին հարցին ի պատասխան կրկնեց տառացիորեն ժամեր առաջ նույն դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ «փողոցային պայքարին» չմիանալու մասին հայտարարությունը:


«Կուսակցություններն ու դաշինքները տարբեր ռազմավարություն ունեն: Մենք մեր ֆրակցիայի 31 պատգամավորներով փորձելու ենք խորհրդարանական պայքարի եղանակներով խնդիրը կարգավորել, այդ թվում մասնակցելով այս թեմայով սպասվող առաջիկա խորհրդարանական լսումներին», - ասաց նա:


«Ծառուկյան» դաշինքի անհասկանալի վարքագծի հետ կապված լրագրողների չդադարող հարցերին, եթե քաղաքական միավորն իսկապես դեմ է թանկացումներին ու հարկերի դրույքաչափերի բարձրացմանը, ինչու չի մասնակցում բողոքի ակցիաներն, նա հակադարձեց՝ ասելով, որ մարդիկ իրականում պատրաստ էլ չեն փողոցային պայքարի դուրս գալ: Ավելին, նա, կարծես «թասիբի գցելով» հանրությանը, հակադաձ հարց ուղղեց. «Եթե իսկապես դեմ են մարդիկ թանկացումներին, ապա ինչո՞ւ չեն բոյկոտում դրանք՝ օրինակ մեկ օր ընդհանրապես առեւտուր չանելու տեսքով»:


Հատկանշական է, որ «Ծառուկյան» դաշինքն այս պահին չի տեսնում նաեւ խնդիր լուծման տարբերակ, այլ առաջարկում է սպասել մինչեւ ապրիլ, երբ ՀՀ-ում ամբողջությամբ կգործի կառավարման խորհրդարանական մոդելը: «Այդ ժամանակ հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել մենաշնորհների դեմ՝ ընդհուպ հանրային ճնշման եղանակներով», - ասաց Բագրատյանը՝ չկարողանալով, սակայն, համոզիչ կերպով բացատրել, թե հայաստանյան քաղաքական իրականությունում որակական ինչ է փոփոփություններ են լինելու երկու-երեք ամիս հետո, որն այժմ չկա ու խոչընդոտում են «Ծառուկյան» դաշինքին արդյունավետ պայքարել թանկացումների դեմ:


Թանկացումները չոքելու են մեր դռանը


Արտակ Մանուկյանը վստահ է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության փաստով պայմանավորված, թանկացումների խնդիրը «չոքելու է դեռեւս մեր դռանը»: «Այս խնդիրը ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ ամեն տարի մեր դռանը չոքելու է, այսինքն, եթե ուսումնասիրեք, ապա մինչև 2020 թվականը պարբերաբար հավելյալ թանկացումներ է սպասվում` հիմնականում ծխախոտ, սպիրտ»,-ասաց նա:


Վահագն Խաչատրյանն էլ նոր Հարկային օրենսգիրքն անվանեց «տնտեսություն քանդող», քանի որ դրա հիմնական նպատակն է որքան հնարավոր է առկա ռեսուրսներից ավելի շատ հարկ հավաքել: Նպատակը, նրա կարծիքով, մեկն է՝ արտաքին պարտքի սպասարկումը, որն անցել է ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմը: «2020 թ. Հայաստանը հարյուրավոր միլիոն դոլարներ պետք է հատկացնի դրա սպասարկման համար», - եզրափակեց նա: