Շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ: ԵԽԽՎ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իտալացի Միքելե Նիկոլետին հրաժարական է տվել Վեհաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ չի վերընտրվել իր երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում, գրում է Ազատությունը: Մորի-Պասքիեն ԵԽԽՎ 32-րդ նախագահն է, այդ պաշտոնը զբաղեցնող չորրորդ կինը: Ընտրություններում առաջադրված էր միայն նրա թեկնածությունը: Իր ելույթում ԵԽԽՎ նորընտիր նախագահը շեշտել է, որ Եվրոպան ու աշխարհը ունեն Եվրոպայի խորհրդի արժեքների խրախուսման եւ կիրառման կարիքը առավել քան երբեւէ: «Ծայրահեղականության, բռնության եւ բռնաճնշումների աճը, միգրացիոն եւ անվտանգային շատ լարված համատեքստում, պահանջում է մեզնից անդադրում բարձրաձայն ու հստակ վերահաստատել այն, ինչ մեզ միավորում է»,- մասնավորապես, ասել է Մորի-Պասքիեն: