Ադրբեջանի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Նախարարը ներկայացրել է պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և անդրադարձել վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին: Փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, և դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է: «Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը», - նկատել է Վիգեն Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում և քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային համաձայնագրում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը: