Վրաստանի նախագահը ցանկանում է հանդիպել Թրամփի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպել մինչեւ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների նոր հանդիպումը:
Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահի աշխատակազմն արդեն Վաշինգթոն է ուղարկել աշխատանքային հանդիպում անցկացնելու մասին խնդրանքով նամակը:
«Հնարավոր է, որ տեղի ունենա Թրամփի եւ Պուտինի հանդիպումը: Հանդիպման օրակարգը դեռեւս հայտնի չէ: Մեզ համար ամենագլխավորն այն է, որ մինչեւ դա ԱՄՆ նախագահին հանդիպելու հնարավորություն ունենանք: Մենք պետք է Թրամփին ծանոթացնենք մեր տեսլականի, մեզ համար ցավոտ հարցերի հետ, որ նա լավ իմանա, թե այդ բանավեճում մեր կողմից ինչն ենք ամենատագնապալին համարում»,- վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ՝ ասել է Զուրաբիշվիլին:
Նա հավելել է, որ չգիտի՝ ամերիկացի նախագահն իր հետ հանդիպելու համար ազատ ժամանակ կունենա, թե ոչ:
Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում կատարել է միայն մեկ արտասահմանյան այց Բրյուսել: