28.06.2025
Հովիկ Աբրահամյանի քրգործով բացահայտվել են ապօրինի 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր
28.06.2019
Հովիկ Աբրահամյանի քրգործով բացահայտվել են ապօրինի 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր: «Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել` Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15 հազար քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57 հազար քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ, Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8,9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7,2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4 հազար92 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս, Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում: Ըստ ՀՔԾ հայտարարության, քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշումների օրինակներն ուղարկվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար։ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։