26.08.2026
Հավաքներ իրականացնելու սահմանափակումները տրածվում են ՀՀ ողջ տարածքի վրա. Ավինյան
17.03.2020
Հավաքներ իրականացնելու սահմանափակումները տրածվում են ՀՀ ողջ տարածքի վրա. Ավինյան

Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները մարտի 17-ի ժամը 12։00-ից տարածել Հայաստանի ամբողջ տարածքի վրա։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․ ֊համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ֊ժամանցային միջոցառումները, ֊տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։ Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն», - ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրում այս պահին առկա է կորոնավիրուսով հիվանդացության 52 հաստատված դեպք: