Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ դեռեւս վաղ է գնահատել Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Կարծում եմ՝ դեռեւս վաղ է գնահատել Պուտինի եւ Էրդողանի կողմից ձեռքբերված համաձայնության հետեւանքներն ու արդյունքները»,- ասել է նա: Ընդ որում, Ստոլտենբերգը ողջունել է պայմանավորվածությունը, որը, նրա խոսքով, «հանգեցրել է Սիրիայում բռնության նվազեցմանը»: «ՆԱՏՕ-ն ընդգծում է Սիրիայում քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին»,-նշել է նա: