Մարտի 1-ից սկսած Հայաստան է վերադարձել 63 322 ՀՀ քաղաքացի. ԱԳ նախարար
Այս շրջանում ըստ մեր տվյալների՝ մարտի 1-ից սկսած Հայաստան է վերադարձել 63 322 ՀՀ քաղաքացի։ 47 երկրներում գրանցված է 1870 ՀՀ քաղաքացի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցարզույցում:
«Մեզ մոտ գրանցված է 1870 քաղաքացի: Առաջին շրջանում մենք դիմեցինք մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն իրենց ճամփորդությունները և վերադառնան Հայաստան։ Մեծ մասը արձագանքեց, և մենք ունենք այդ թիվը՝ 63 000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ վերադարձան Հայաստան։ Մենք ինքներս կազմակերպեցինք Իտալիայից մեր քաղաքացիների տեղափոխումը։
Տարբեր երկրներից մեր քաղաքացիներին օգնելով, ուղղորդելով նրանց․ տոմսերով, գտնելով լավագույն ճանապարհը, համագործակցելով մեր տարբեր գործընկերների հետ: Վրաստանի հետ մենք շատ լավ համագործակցում ենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր քաղաքացիների վերադարձը», - ասել է նախարարը:
Նրա խոսքով, այս իրադրության մեջ շատ գնահատելի է «մեր քաղաքացիների համախմբվածությունը»: «Շատ գնահատում և հարգանքով եմ վերաբերվում, շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք համախմբվում են դեսպանության շուրջ, մեր ներկայացուցիչների շուրջ և իրենց օժանդակությունն են բերում այդ առումով», - ասել է նա։
Նրա խոսքով լավ օրինակ է, երբ Միացյալ Նահանգներում առողջապահական համակարգում աշխատող «մեր հայրենակիցները համակարգ են ձևավորել, որպեսզի օգտակար լինեն մեր քաղաքացիներին»։
«Մենք ունենք նույն օրինակը Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ մեր հայրենակիցները և քաղաքացիներն իրենց օժանդակությունն են բերում, որպեսզի նվազեցնենք այն ճնշումները, որ ի հայտ են եկել այս պայմաններում մեր քաղաքացիների համար», - ասել է նախարարը։