24.11.2024
Հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են. ինչպե՞ս դիմել
prev Նախորդ նորություն

Գլխավոր դատախազությունը պարզաբանել է Վահագն Հարությունյանի քրգործի մասին շահարկումները

«2008թ. մարտի 1-ի» քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ ՔԿ նախագահի նախկի տեղակալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հարուցված հետախուզման և դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անվան շրջանառմամբ տեղի են ունենում անհարկի, անհիմն, մանիպուլյատիվ շահարկումներ, որոնք ոչ մի առնչություն չունենալով իրավաբանության հետ, պարզապես մատնում են էքստրադիցիայի քրեադատավարական ընթացակարգերից շահարկողների անտեղյակությունը: Հանրությանն այդ շահարկումների ծուղակն ընկելուց զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեքստում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհդրական Գոռ Աբրահամյանը ու նաեւ հավելել հետւյալը:


Վահագն Հարությունյանին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2018թ. հոկտեմբերի 30-ին: Որոշումը կայացվել է այն ապացույցների համակցության հիման վրա, որն այդ պահին ձեռք էր բերել նախաքննությունն իրականցնող մարմինը՝ ՀՔԾ-ն: Վերջինի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով նույն օրը նրա նկատմամբ հայտարավել է հետախուզում և նույն օրը նաև միջնոդրություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:


Վ. Հարությունյանի մեղադրանքը 2 անգամ լրացվել է հետագա նախաքննության ընթացքում, որոնց հիման վրա դատարաններին ներկայացվող՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունները մերժվել են: Դատախազի կողմից ներկայացվող՝ ստորադաս դատարանների կայացրած այդ մերժման որոշումների դեմ բերվել են վերաքննիչ բողոքներ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից՝ վճռաբեկ բողոքներ, որոնք մերժվել են:


Շահարկվում է այն հարցը թե ինչո՞ւ մեղադրանքի ծավալը չի ավելացվել Վ. Հարությունյանի կողմից ավելի ուշ ժամանակահատվածում հնարավոր կատարված հանցավոր արարքներով, որպեսզի ռուսական կողմը հնարավորություն չունենար իրենց օրենսդրությանը հղում կատարելով մեղսագրվող հանցավոր արաքի վաղեմուությունն անցած լինելու հիմքով Վ. Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնել և նրան ձերբակալումից ազատ արձակել: Որպես «երկաթյա» փաստարկ՝ հղում է կատարվում, ենթադրաբար Վ. Հարությունյանի կողմից անձանց նկատմամբ խոշտանգում իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:


Ըստ քրեադատավարական ընթացակարգերի և ամենապարզ տրամաբանության՝ անձի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել կամ մեկ այլ երկրին անձին հանձնելու պահանջ ներկայացվել՝ առանց վերջինիս որպես մեղադրյալ ներգրավվելու: Իսկ քրեական գործը, որին հղում է կատարվում վերոնշալ «փաստարկները» ներկայացնելիս, հարուցվել է 2019թ. հուլիսի 12-ին: Եվ նախաքննությունն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում ՀՔԾ-ի կողմից այդ դրվագներով Վ. Հարությունյանին մեղադրանք չի առաջադրվել այն պարզ պատճառով, որ դեռևս չի հաջողվել ձեռք բերել դրա համար անհրաժեշտ ապացույցները:


Իսկ ինչպես հայտնի է, ՀՀ դատախազությունը, առավելևս ՀՀ գլխավոր դատախազը չեն քրեական գործերով ապացույցներ ձեռք բերող իրավասու սուբյեկտները:


Հուսով ենք, քրեական դատավարության և հանձնման գործընթացի «գիտակները» չեն առաջարկում անձին միայն նրա դեմ տրված հաղորդումների հիման վրա մեղադրանք առաջադրել, կամ մեղքը «հիմնավորող» անթույլատրելի, ապացույցներ ստեղծել՝ հանձնման գործընթացը բարեհաջող իրականացնելու արհեստական հիմքեր ստեղծելու համար:


Ինչ վերաբերում է Վ. Հարությունյանին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը հրապարակելու անհաժեշտության անհեթեթ պնդումներին՝ փորձելով դա չանելու մեջ տեսնելու Վ. Հարությունյանի հանձնման հարցում շահագրգռված չլինելու, նրա շահերից գործելու կոնսպիրատիվ մոտիվներ, ապա նման փաստաթուղթ չի կարող հրապարակվել, քանի որ այն պաշտոնապես դեռևս գոյություն չունի և չի կարող ունենալ, քանի որ հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել և հետևաբար հանձնման միջնոդրություն ՌԴ գլխավոր դատախազություն չի ներկայացվել:


Վ. Հարությունյանին ՌԴ ոստիկանության կողմից ձերբակալելու որոշման մասին ՀՀ ոստիկանությանը տեղեկացվելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, անգամ չսպասելով ժամանակավոր կալանավորման որոշման կայացմանը՝ ձեռնամուխ է եղել նրան այդ փուլում հանձնելու մասին պահանջ ներկայացնելու նախապատրաստությանը: Սակայն ձերբակալման՝ օրենքով սահմանված ժամկետը դեռևս չավարտված, ընդամենը ժամերի ընթացքում ՌԴ դատախազությունը Վ. Հարությունյանին՝ վերջինիս մեսագրվող արարքների վաղեմության ժամկետն իրենց օրենսդրությամբ անցած լինելու հիմնավորմամբ ազատ արձակելու որոշում է կայացրել:


Անկախ Պետությունների Համագործակցության «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի (որի մաս են կազմում ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ՌԴ-ն) 57-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի իրավակարգավորումների համաձայն՝ հանձնում չի կատարվում, եթե «պահանջն ստանալու պահին, հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով»:


Ակնհայտ է, որ վաղեմությունն անցած լինելու հիմքով մերժման այսպիսի կոնվենցիոն իմպերատիվ պայմանի պարագայում նման միջնոդրություն ներկայացնելն ուղղակի անիմաստ է, որովհետև ներկայացվելու դեպքում ենթակա է մերժման:


Ուստի հորդորում ենք Գլխավոր դատախազության գործողություններում դավադրություններ փնտրելու անիմաստ ջանքերի փոխարեն նման պնդումներ անելուց առաջ գոնե տարրական պատկերացումներ կազմել այդ ոլորտը կարգավորող իրավանորմերից ու ընթացակարգերից: