ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում: Ինչպես հայտնում է Interfax.ru-ն, հղում անելով իր անանուն զրուցակցին, 2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում: Աղբյուրը նաև նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր ոչ թե ՀՀ Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից: Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը: Հիշեցնենք, Միքայել Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ: