4.11.2026
Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը
03.02.2021
Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը

Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Համապատասխան բանաձևն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում: Այս բանաձևը հաջորդել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից ընդունված մեկ այլ բանաձևին, որով նահանգը ճանաչում էր Արցախի անկախությունը և «կոչ անում Դաշնային կառավարությանը ևս ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ հետագայում խուսափելու նման ռազմական ագրեսիայից»: Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձևում նաև ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձևի հեղինակներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր քվեարկել են դրա օգտին: