Հանդիպումը կայացել է, բայց մանրամասներ չկան. Հայկ Մամիջանյանը հաստատեց
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը հաստատել է, որ նախօրեին կայացել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող վեց կուսակցության առաջնորդների հանդիպումը:
Նա նշել է, որ մանրամասների մասին կտեղեկացվի ավելի ուշ, ինքը չի ցանկանում դրանց անդրադառնալ:
Անդրադարձավ նաև այն լուրերին, թե Հայրենիքի փրկության շարժման հետ կապված խնդիրներ կան:
«Լուրերը, որոնք տարածվում են կոնկրետ քարոզչամեքենայի կողմից, կեղծ են։ Որևէ խնդիր չկա, շարժումը շարունակում է իր աշխատանքները բոլոր ֆրոնտներով։ Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ և դեռ առջևում է հիմնական հաղթանակը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», - հավաստիացրեց Մամիջանյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վազգեն Մանուկյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ շարժումը գործողությունների նոր պլան է մշակում, թեև չի բացառվում, որ որոշ ուժեր դրանում այլևս ներկայացված չլինեն: Մասնավորապես, խոսքը Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մասին է: