5.07.2025
Լուսանկարը` Sputnik
24.10.2024
Հայաստանը խստացնում է Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքի կանոնները

Կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում որոշում է ընդունվել խստացնել Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքի ընթացակարգը՝ միգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիայի կանխարգելման նպատակով։ Ըստ որոշման հիմնավորումների՝ 2024 թ. հունվարի 1–ից մինչև օգոստոսի 28–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայում ՀՀ–ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացիներ։ Նոր կանոնների համաձայն՝ այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ կտրամադրվեն միայն ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, ԵՄ, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի առկայության դեպքում։ Վիզաներ կտրամադրվեն նաև վերադարձի ավիատոմսի առկայության դեպքում։ Հաջորդ պահանջը ՀՀ-ում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն է։ 2023թ. ընթացքում Հնդկաստանի քաղաքացիներից ստացվել է 86,942 դիմում, ինչը 155%-ով ավել է 2022թ. ցուցանիշից (34,199 դիմում)։ Ստացված դիմումներից բավարարվել է 67,628-ը (78%)։ Բացի այդ, 2023թ. ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 8,364 Հնդկաստանի քաղաքացի, ինչը կազմում է Հնդկաստանի քաղաքացիներին տրված վիզաների 12%-ը։ Վարչական իրավախախտումների ընդհանուր թվում Հնդկաստանի քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 54.4%։