Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է լուծել բոլոր շահագրգիռ կողմերի հետաքրքրություններից բխող դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է EADaily-ն: «Կան հստակ առաջարկներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ներկա պահին խոսքը դրանց մասին է: Մոսկվան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծման օգտին»,- ասել է Ռուդենկոն։ Նա նշել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. «Մենք ունենք փորձագիտական մակարդակով բանակցություններ՝ առաջին հերթին Մինսկի խմբի շրջանակում, քանի որ դա միակ ընդունելի տարբերակն է մեզ համար»,- հավելել է Ռուդենկոն։