27.02.2026
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում
26.06.2025
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող դինամիկ աշխատանքները: Անդրադառնալով Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն նշել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը Չինաստանի հետ համագործակցությունը բարձրարցնել նոր մակարդակի՝ առավել լայն օրակարգով, և այդ ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքները: Զրուցակիցներն ընդգծել են, որ դրա համար առկա են լավ նախադրյալներ, որոնց շարքում կարելի է նշել այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսին է օրինակ տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքը,մոտեցումների ընդհանրությունը: Մյուս կարևոր ուղղության՝ տարածաշրջանային փոխկապակցվածության թեմայի շրջանակներում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Հայաստանը, գտնվելով կարևոր խաչմերուկում, կարող է նշանակալի դեր կատարել տրանսպորտային ու տնտեսական հաղոդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերում»: Նախարարը հավելել է, որ այդ համատեքստում կարևոր են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ ջանքերը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների, նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ մոտեցումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում: