Սահմանվել են հանրակրթական ուսհաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ» գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝ ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար, հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար, հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝ 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ, 34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։ Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը: