Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ «Ամենակարեւորը նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»,- եզրափակել է վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ: Ի հավելումն վարչապետի խոսքերի՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես վերանորոգվել է, և այն արդեն գործում է։ Իսկ այսօրվանից կաշխատի ինտերնետը, հավանաբար՝ նաև ներքին հեռուստատեսային ցանցը։