Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը ճանաչելու միջնորդության լուծումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակել է ԵԴ/0253/01/19 գործի քննությունը։
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը գրավոր տեղեկացրել է դատարանին, որ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։ Գրության մեջ փաստաբանը նաև խնդրել է վերանայել սույն գործով դատական նիստերի գրաֆիկը, նշելով, որ երեքշաբթի օրերին նա ծանրաբեռնված է այլ դատական նիստերով։ Դատարանը որոշեց քննարկել այդ հարցը Կոչուբաևի ներկայությամբ։
Արմեն Գևորգյանի մյուս նոր պաշտպանը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ չի ստացել գործի նյութերի էլեկտրոնային տարբերակը՝ չնայած, որ խնդրել էր դրանք ուղարկել իր էլեկտրոնային փոստին։ Իսկ փոստով նյութերն ստացել է միայն հոկտեմբերի 1-ին։ Այսպիսով, 82 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանն ուներ աշխատանքային երկու օր, ինչն անհնար է։ Դատավոր Դանիբեկյանը նկատեց, որ ներկայումս քննվող գործի ծավալը բավականին փոքր է, և դրան ծանոթանալու համար մեկ շաբաթը լիովին բավարար է։ Ի պատասխան փաստաբանը հիշեցրեց, որ ինքն իրավաբան է։
Պաշտպան Սահակյանը միջնորդեց ճանաչել Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամի բացարձակ անձեռնմխելիությունը։ Պաշտպանը հիշեցրեց, թե ինչ կարևորության հարցեր պետք է բարձրացվեին Գևորգյանի կողմից ԵԽԽՎ այն նիստին, որին մասնակցելու համար դատարանը նրան երկրից մեկնելու թույլտվություն չտվեց։
Պաշտպանական կողմին լսելուց հետո դատարանը գտավ, որ պետք է հետաձգի միջնորդության լուծումը մինչև դրա համար էական նշանակության հանգամանքների պարզումը։ Անդրադառնալով Գևորգյանի՝ ՀՀ-ից մեկնելու համար թույլտվություն ստանալու հարցին, դատավորը նշեց, որ ամեն անգամ դատարանը կքննարկի այն։