Արթուր Ղազինյանը չընտրվեց նաև վեցերորդ անգամ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին հինգ անգամ դեմ էին քվեարկել խորհրդարանական մեծամասնության պատգամավորները: Թեկնածուի վերաբերյալ խոսք է ասել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Արթուր Ղազինյանը, նշելով որ հարցի քննարկման ժամանակ իր ներկայությունն անիմաստ է համարում, գործընկերների հետ լքել է նիստերի սրահը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները միաձայն դեմ են քվեարկել Ղազինյանի թեկնածությանը: Մշտական հանձնաժողովի նախագահը փաստել է, որ հարցն առաջիկայում կլուծվի օրենսդրական ճանապարհով:
Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին: