24.11.2024
Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել. Aravot
prev Նախորդ նորություն

Սասուն Խաչատրյանն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։


Սասուն Խաչատրյանին շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ԱՄՆ դեսպանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այն ոլորտն է, որի ուղղությամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը սերտ և շարունակական բնույթ է կրում, և այժմ էլ ԱՄՆ-ն պատրաստակամ է նորաստեղծ կառույցի հետ աշխատանքներ տանել այդ համագործակցությունը խորացնելու նպատակով: Միաժամանակ, դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախության և թափանցիկության ապահովումը:


Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքներին և կառույցի առջև ծառացած մարտահրավերներին` Սասուն Խաչատրյանն առանձնացրել է չորս հիմնական բաղադրիչ, որոնց համատեղ առկայության պայմաններում հնարավոր կլինի առարկայական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ Սասուն Խաչատրյանի` նշված բաղադրիչներն են կամքն, աշխատասիրությունը, մասնագիտական գիտելիքները և նյութատեխնիկական բազան: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր ներդնել հատկապես վերջին երկու բաղադրիչների ապահովման ուղղությամբ, որին մեծապես կնպաստի ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը: Խաչատրյանը կարևորել է ԱՄՆ դրական փորձի ներդրումը նաև միջազգային իրավական փոխօգնության ոլորտին առնչվող աշխատանքներում:


Ինչ վերաբերում է քննիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ապա ամերիկյան կողմի փոխանցմամբ` այդ ուղղությամբ արդեն նախանշվում են վերապատրաստման և կարողությունների զարգացմանը միտված տարաբնույթ ծրագրեր: Այդ համատեքստում անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննությանը` Սասուն Խաչատրյանն ընդգծել է դրանց վերաբերյալ վերապատրաստման դասընթացների շրջանակներում առավել հաջողված կոնկրետ դեպքերի ներկայացման անհրաժեշտությունը:


Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերի գործադրմամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը: