«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ասվում է ԱԺ կայքում հրապարակված հայտարարության մեջ, որում նաև նշվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: Հայտարարությունը ստորագրել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը: Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, նա հայտնել է, որ մանդատը վայր դնելու պատճառներն անձնական են: VERELQ-ը հիշեցնում է, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Նշենք, որ ըստ ցուցակի՝ հաջորդը Առուշ Առուշանյանն է, ով կիրակի օրը կայացած ընտրություններում վերընտրվեց Գորիսի քաղաքապետ: Վերջինս արդեն հրաժարվել է մանդատից: Առուշանյանին հաջորդում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը: