Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից: Թե՛ բեռնափոխադրումների, թե՛ տնտեսական հարցերի, թե՛ զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք է լինելու»,- ասվում է հաղորդագրության մեջ: