Հայաստանի ԱԳՆ խստորեն դատապարտում է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող։ «Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի արդյունքում տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը. ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, ադրբեջանական կողմից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 6 հայ զինծառայող: Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։