20.12.2025
Արցախը վիրավոր է, բայց մենք իրավունք չունենք միակողմանի զիջումների գնալ. ՀՅԴ
28.02.2022
Արցախը վիրավոր է, բայց մենք իրավունք չունենք միակողմանի զիջումների գնալ. ՀՅԴ

Այսօր հայկական պետության անկախությունը վտանգված է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ ընդհանուր ժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Նրա խոսքով, գործող իշխանության անընդունելի և աններելի քայլերը հանգեցրել են 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքների, հասարակության մեջ շարունակվող պառակտման ուժեղացման, պարտվողական տրամադրությունների ձևավորման, միակողմանի զիջումների պատրաստակամության, ինչպես նաև խաղաղության հաստատման հնարավորության մասին կեղծ խոսակցություններով հասարակությանը մոլորեցնելու փորձերի: «Անհրաժեշտ է դադարեցնել տասնամյակների պայքարի արժեզրկման և արյան ու զրկանքների գնով ձեռք բերված հաղթանակի ոչնչացման գործընթացը», - հայտարարել է Տեր-Խաչատուրյանը: Նա ընդգծել է, որ Արցախը լուրջ հարված է ստացել, նա վիրավ է և թուլացած, սակայն հայկական կողմն իրավունք չունի համաձայնվել իրեն պարտադրվող միակողմանի զիջումներին: «Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարության ստորագրմամբ վերջ չդրվեց ամեն ինչի, այլ սկիզբ դրվեց այլ գործընթացների։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից Հայաստանը հայտնվել է բոլորովին այլ իրականության մեջ։ Մենք մարդկային, տարածքային և տնտեսական հսկայական կորուստներ ունեցանք։ Անչափելի են նաև բարոյական կորուստները, խարխլված է ազգային արժանապատվությունը և վստահությունը։ Մենք շատ անելիքներ ունենք», - ասել է նա։ Ստեղծված պայմաններում, վստահ է Տեր-Խաչատուրյանը, Հայաստանի բոլոր հայրենասիրական ուժերի պարտականությունն ու գերխնդիրը՝ փրկել մեր հայրենիքի անկախությունը։ «Մենք ձախողման իրավունք չունենք», - հայտարարեց նա՝ հավելելով, որ արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին խնդիրները լուծել։ «Ներկայիս պայքարը իշխանության և ընդդիմության դասական դիմակայություն չէ, դա պայքար է ազգային արժեքների վերականգնման եւ հանուն հայրենիքի փրկության», - հայտարարել է նա: Տեր-Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանը բախվում է նոր ու նոր մարտահրավերների, քանի որ գործող իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել ազգային շահերը, միջազգային ասպարեզում մշտական նահանջ է ապրում և պատրաստ է ցանկացած զիջումների: Արցախի իշխանությունները վերածվել են խամաճիկների, կնվազեցնի Հանրապետության ինքնիշխանության մակարդակը։ «Բարեբախտաբար, Արցախում կան ինքնուրույն հայրենասիրական ուժեր, որոնք տրամադրված են պաշտպանելու Արցախի շահերը», - հայտարարել է Տեր-Խաչատուրյանը։ Նա նշել է, որ Սփյուռքը ևս հայտնվել է նոր մարտահրավերների առջև։ Հայկական սփյուռքը պետք է հաղթահարի հուսահատությունն ու հիասթափությունը և կրկին պայքարի մեջ մտնի հայրենիքի շահերի համար։ ՀՅԴ ընդհանուր ժողովը պետք է որոշի նշված մարտահրավերների հաղթահարման ուղիները, մշակի ռազմավարություն առաջիկա չորս տարիների համար, հայտարարել է նա: ՀՅԴ-ի համար Արցախի հարցը շարունակում է մնալ Հայ դատի կարեւոր տարր, իսկ հայոց պետականությունը՝ բարձրագույն արժեք, ընդգծել է նա։