7.06.2025
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նվազեցնել լարվածությունը
17.11.2021
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նվազեցնել լարվածությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով։ Կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Կողմերին նաև կոչ ենք անում ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ունենալ բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի հարցը լուծելու գործում։ Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում։ VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Երեւանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել հանրապետության տարածքի վրա: Սպառնալիքի տակ է հայտնվել Պետական մայրուղին, որը մայրաքաղաքը կապում է երկրի հարավային շրջանների եւ Իրանի հետ: ՀՀ զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Հայկական կողմից կան նաև զոհեր։ Հաղորդվում է նաև 12 հայ զինծառայողների գերեվարման մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի գործողություններն անվանել է ուղղակի ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ից, Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակը դադարեցվել է: