Մեր գիտակցության մեջ պարբերական կրկնությամբ փորձում են ներդնել թշնամական քարոզի բաղադրիչ այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ։ Իրականում նման բան չի կարող լինել, որովհետև եթե, պատկերավոր ասած, ինչ-որ կոլտնտեսության նախագահի որոշումով հայկական սրբազան հողի որևէ կտորի վրա ժամանակին հաստատվել է մարդկության մշակույթի պատմությանն անհայտ ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, դա մեր նախնիների արյունով և քրտինքով օծված այդ հողակտորը, ամենևին չի դարձնում «ադրբեջանական»։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Եվ, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի ռազմավարական խորքի խիստ խոցելիությունը կամ նույնիսկ գրեթե բացակայությունը, մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտոր դարձնում է անսահմանորեն կարևոր և կենսական մեր հետագա գոյությունն ու հզորացումն ապահովելու համար»։ Հիշեցնենք, նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ի տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և՝ Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո․ "Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, բնականաբար՝ դե-յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»",- հայտարարել էր նա։